38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«ԲԱՌԵՐԸ ՎԵՐՋԱՑԱՆ»

«ԲԱՌԵՐԸ ՎԵՐՋԱՑԱՆ»
20.04.2010 | 00:00

ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆԻ 52-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁՆ ԷՐ
Զահրատի այս 52 բանաստեղծությունները Հայաստանում հրապարակվում են առաջին անգամ: Գիրքը կազմել և տպագրության է պատրաստել Այդին Մորիկյանը, հրատարակել է, ինչպես Զահրատի բոլոր ժողովածուները, «Նաիրի» հրատարակչությունը:
Արդեն չորրորդ ժողովածուն կազմելով («Առանց խաչի առանց քարի խաչքար»` 1998, «Բառերուն տակի քերթուածը»` 2004, «Բառ բառի քով»` 2007)` Այդին Մորիկյանը գրել է նաև «Կիսաւարտ աղօթք» գրքի առաջաբանը. «Աղոթքը սոսկ խոսք չէ: Գործն է նաև աղոթք: Ճիշտ ու լավ գործը: Նվիրումով արված: Սիրով: Անկախ բնույթից: Կարող է նոր կյանք լույս աշխարհ բերել, կարող է` հողին սերմ պահ տալ, կարող է` պարզապես մինչ այդ անհայտ ու չեղած կամ էլ` մոռացված մտքի հղացում լինել:
Բանաստեղծություն էլ կարող է: ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ: Մեծ Կոմիտասն ասել է. «Գրքերն ու ձայները մեռած հոգիներուն մտքի և սրտի տապաններն են»։
Զահրատը այն քիչ, բայց իսկական բանաստեղծներից է, ում յուրաքանչյուր բանաստեղծություն ճիշտ է, որ մի ամբողջական գիրք լինի, որովհետև մի քանիսն արդեն «խանգարում են» միմյանց: Որովհետև գրքից գիրք միանգամից չես անցնում:
Գիրքը կարդում ես- ընկալում - խորանում - ծալում - փակում - հետո դարձյալ պահում ու ինչ-որ ժամանակ անցնում է` մինչև հաջորդ գիրքն ես բացում: Էդպես: Էդպես պիտի լինի` ուրեմն: Էդպիսին նաև Զահրատն է:
Գրականությունն այն է, որ ընթերցողն էլ է դառնում հեղինակակից:
Ներկա` «Կիսաւարտ աղօթք» ցայսօր անտիպների ընտրանիին որպես խորագիր կարելի էր ընտրել նաև «Բանաստեղծություններ` 80-ից հետո» ենթավերնագիրը: Սակայն ինչպես կհամոզվեք` Զահրատը ծեր բանաստեղծ չէ: Ոչ իսկ ծերացող: 80-ից հետո էլ նույն գյուտին հետամուտ և դրանում հաջողող բանաստեղծն է: Որովհետև բանաստեղծը չի կարող ծերանալ: Հենց որ նա իրոք սկսում է ծերանալ` դադարում է այլևս բանաստեղծ լինել: Բանաստեղծի համար կարևորը տարիքը չէ, այլ ասելիքը, իսկ ասելիքը տարիքից չէ բնավ, որ կախված է:
Սիրելի ընթերցող, այսօր քո ձեռքին, ավաղ, Զահրատի վերջին գիրքն է»:
Զահրատը նրա համար այն բանաստեղծն էր, ում առաջին անգամ կարդալով` ցանկացել էր ինքնասպան լինել: Ինչո՞ւ: «Բառերը վերջացան»... Համաշխարհային գրականության գլուխգործոցների ու անհայտ էջերի լավագույն գիտակ Այդին Մորիկյանը պարբերաբար վերադառնում էր Զահրատին, որովհետև երկուսն էլ գիտեին բառի մեջ մարդուն տեսնելու գաղտնիքը: Ակնածալից սիրո ու նախանձելի ըմբռնումի մի ջիղ էր միացնում նրանց, որի առանցքում ոչ միայն պոեզիայի առեղծվածի զգացողությունն էր: Զահրատը վստահում ու գնահատում էր նրան, հավանաբար, այն պատճառով, որ երկուսն էլ բառերի կարիք չունեին, երբ խոսում էին միմյանց հետ:
Բանաստեղծությունն ունի սկիզբ և երբեք` ավարտ:
2007-ի փետրվարին 83 տարեկանում կյանքից հեռացավ Զարեհ Յալթջյանը:
2009-ի մայիսին 51 տարեկանում կյանքից հեռացավ Այդին Մորիկյանը:
«Կիսաւարտ աղօթքը» պոեզիայի ու կյանքի շարունակության վկայությունն է:
Բանաստեղծության մեջ:
Բանաստեղծությունից դուրս:
Բանաստեղծության նման:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2967

Մեկնաբանություններ